Վերականգնողական կենտրոնում մինչ աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն ունենալը ամբուլատոր հաճախման էին գալիս աուտիստիկ սպեկտրի խանգարմամբ և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց հետ աշխատում էին ֆիզիոթերապիստներ, լոգոպեդներ և հոգեբաներ: Այդ երեխաների թիվը գնալով մեծանում էր և նրանց հետ ինտենսիվ աշխատանք կազմակերպելու համար խիստ անհրաժեշտություն առաջացավ վերականգնողական կենտրոնում ունենալ համապատասխան պայմաններ նման խնդիրներ ունեցող երեխաների բուժումը կազմակերպելու համար:
Երկար աշխատանքներից հետո ‹‹Ջինիշյան հիշատակի հիմնադրամի››, ‹‹Հովարդ Կարագյոզյան›› Բժշկական Բարեգործական Հասարակական Կազմակերպության, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Արցախի Հանրապետության կառավարության աջակցության շնորհիվ՝ 2017 թվականի մայիսի 2-ին վերականգնողական կենտրոնի տարածքում բացվեց աուտիզմի մասնագիտացված բաժանմունք, որտեղ տարեկան բուժում են ստանում 60 երեխա, աշխատում են վերապատրաստված մասնագետներ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ, ֆիզիոթերապիստ, հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատող, երկու դայակ և բուժքույր:
Տարվա կտրվածքով երեխաների բուժումը կազմակերպվում է երեք փուլով, յուրաքանչյուր փուլում ընդգրկվում են 20 երեխա, բաժանվում են 4 խմբի, յուրաքանչյուր խմբում 5 երեխա: Աշխատանքները իրականացվում են երկու հերթափոխով:
Այս հինգ տարիների ընթացքում աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի ծառայություններն են ստացել ավելի քան 186 երեխա:
Այսօր լրանում է աուտիզմի կենտրոնի գործունեության հինգ տարին, այդ կապակցությամբ կազմակերպվեց միջոցառում, որին ներկա էին ՝ Արցախի Հանրապետության՝ պետական նախարար՝ Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար՝ Միքայել Հայրիյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ Անահիտ Հակոբյանը, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարի տեղակալ՝ Վահրամ Առաքելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և այլ պաշտոնատար անձիք:
Ներկայացվեց աուտիզմի կենտրոնի հինգ տարվա գործունեությունից փոքրիկ դրվագներ, որտեղ երևում է երեխաների հետ կատարվող բոլոր աշխատանքները և նրանց առօրյան աուտիզմի կենտրոնում: Խոսվեց հանդիպած դժվարությունների և իհարկե ձեռքբերումների մասին, իսկ վերջում ցուցադրվեց մեր մասնագետների և երեխաների երգի շրջանից մի հատված:
Միջոցառման վերջում կենտրոնի տնօրեն՝ Վարդան Թադևոսյանը առողջապահության նախարար՝ Միքայել Հայրիյանին ներկայացրեց ընթացող աշխատանքները և վերանորոգման առաջընթացը:
Շնորհակալություն ենք հայտնում այսօրվա միջոցառման բոլոր մասնակիցներին և նրանց ՝ովքեր կարողացել են մեզ ժամանակ տրամադրել և մեզ հետ նշել այս օրը:
Միասին մենք ուժեղ ենք և միայն միասնաբար կարող ենք ստեղծել մեր երեխաների երազած աշխարհը: