Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը 6 տարեկան է

Այսօր լրանում է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին կից գործող Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի գործունեության վեցերորդ տարին։

2017 թվականի մայիսի 2-ին ‹‹Ջինիշյան հիշատակի հիմնադրամի››, ‹‹Հովարդ Կարագյոզյան›› Բժշկական Բարեգործական Հասարակական Կազմակերպության, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Արցախի Հանրապետության կառավարության աջակցության շնորհիվ վերականգնողական կենտրոնի տարածքում բացվեց աուտիզմի մասնագիտացված բաժանմունք, որտեղ տարեկան սկսեցին բուժում ստանալ 60 երեխա։

2022 թվականից վերականգնողական կենտրոնը առողջապահության նախարարության հետ համատեղ, որոշակիորեն փոփոխություններ է մտցրել աուտիզմի կենտրոնի գործունեության մեջ և մայսիսից աուտիզմի կենտրոն սկսեցին հաճախել նաև զարգացման գլոբալ հապաղում ունեցող երեխաները ։

Արդյունքում աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնում նախկին 60 երեխաների փոխարեն տարեկան բուժում են ստանում 72 երեխա:

Կենտրոնում աշխատում են վերապատրաստված մասնագետներ՝ բժիշկ-վերականգնողաբան, հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ, ֆիզիոթերապիստ, հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատող, երկու դայակ, բուժքույր և վարորդ: