Բոչիայի բաց առաջնություն Ստեփանակերտում 2017թ. 20-22 հոկտեմբեր

Հասարակությունը, իր բոլոր բարիքներով ու չարիքներով, բարեկեցությամբ ու թշվառությամբ, առաջին հերթին արտացոլվում է սպորտի ոլորտում: Հաշմանդամների ներգրավվածությունը մարզական կյանքում իր ուրույն տեղն ունի: Հաշմանդամային սպորտի զարգացումը շատ կարևոր է,քանի որ դա բացառիկ հնարավորություն է հաշմանդամություն ունեցող անձանց համար շփվել հասակակիցների հետ, ինտեգրվել,ինքնադրսևորվել և հասարակության լիարժեք անդամ զգալ: Մենք փորձում ենք զարգացնել հաշմանդամային սպորտը Արցախում: Ակտիվ մասնակցություն ենք ունենում ՀՀ-ում կազմակերպվող հաշմանդամային սպորտի բոլոր միջոցառումներին: Յուրաքանչյուր տարի Ստեփանակերտում նույնպես կազմակերպվում է Բոչիայի բաց առաջնություն: Հրավիրվում են ՀՀ-ում գործող կազմակերպությունները: Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բուժվող, հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված են տարբեր սպորտաձևերի մեջ: Սույն թվականի հոկտեմբերի 20-22 ք.Ստեփանակերտում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն, որին մասնակցում էին «Լիարժեք կյանք» (Ստեփանավան), «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» (Ստեփանակերտ), «Հայկական ճամբար» (Երևան), «Հայաստանի մանուկների հիմնադրամ» (COAF) (Արմավիր) թիմերը: Բոչիան պարօլիմպիկ մարզաձև է, որն առաջին անգամ անցկացվել է 1976թ.-ին: Դա գնդակով մարզախաղ է, որը զարգացնում է դիպուկությունը: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում հաշմանդամ մարդու նյարդային համակարգի վրա՝ բարձրացնելով դիմադրողականությունը, զարգացնելով կամքը: Թիմային խաղում առաջին տեղ գրավեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամի թիմը», երկրորդ տեղ՝«Լիարժեք կյանք ՀԿ-ի թիմը», երրորդ տեղ՝ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի 1-ին թիմը»: Անհատական խաղում առաջին տեղ գրավեց Սարգիս Հակոբյանը («Հայաստանի Մանուկների հիմնադրամ» COAF), երկրորդ տեղ՝ Միքայել Պետրոսյանը («Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»), երրորդ տեղ՝ Կարապետ Սարգսյանը(«Հայաստանի Մանուկների հիմնադրամ» COAF):

Կազմակերպվեց նաև էքսկուրսիա դեպի Շուշի: