Դաունի ախտորոշում ունեցող երեխաները որպես հասարակության լիիրավ անդամներ

Մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի օր ընտրված  է  ոչ  պատահաբար, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր: Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը 1866 թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։

Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են՝ մկանների թույլ զարգացվածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելուն և  բացառել որևէ տեսակի մեկուսացումը : Նման երեխաները տաղանդավոր են , շատ բարի ու նրբազգաց: Արև երեխաները անմիջապես զգում են իրենց հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքը և չեն ընդունում կեղծիքը:

Քերոլայն  Քոքսի անվան վերականգնողական կենտրոն հաճախում են տարբեր ախտորոշումներ ունեցող  երեխաներ, որոնց թվում են նաև Դաունի համախտանիշ ունեցող  երեխաները:  Նրանց հետ աշխատում են վերականգնողական կենտրոնի տարբեր մասնագետներ` վերականգնող թերապիստներ, հոգեբաններ, լոգոպեդներ, մանկավարժներ:  Նրանք ընգրկված  են նաև արվեստի դասընթացներին` կավագործություն, նկարչություն և սպորտ: Հաճախակի են  կազմակերպվում այցելություններ հանրային վայրեր,  խաղասրահներ, որի հիմնական նպատակն է երեխաների ինտեգրումը հասարակության հետ,   և հասարակությանը իրազեկ   պահելը նման առանձնահատհություններ ունեցող  երեխաների գոյության մասին:

Համապատասխան մասնագետների  և ընտանիքի  աջակցության շնորհիվ նրանք կարող են սովորել քայլել և խոսել, գրել և կարդալ, նկարել և սպորտով զբաղվել, հետաքրքրություններ ունենալ, դպրոց գնալ ,մի խոսքով՝ կարող են անել այն, ինչ կարողանում է անել ցանկացած երեխա։ Երեխան պետք է շփվի հնարավորինս շատ մարդկանց հետ և դա պետք է կատարվի առաջին հերթին մանկապարտեզի և  դպրոցի միջոցով:  Սա այն ուղին է, որը կնպաստի Դաունի ախտորոշում ունեցող  երեխայի անձի զարգացմանը և հասարակական  կյանքին ինտեգրմանը: