Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն է։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին կոնվենցիան առաջին անգամ ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին։2006թ-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: Օրվա առանձնանշումը կարևորվում է ոչ թե նրանով, որ հորդորում է հոգածու և կարեկից վերաբերմունք դրսևորել հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, այլև ազդակ է՝ ուղղված մեզ՝ նրանց կենսագործունեությունն ապահովելու, հանրային կյանքի տարբեր ոլորտներում նրանց ներուժի դրսևորման լիարժեք հնարավորություն տալու համար։
Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, միջոցառումների անցկացումն ուղղված է հաշմանդամների խնդիրներին, նրանց արժանապատվության, իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, ինչպես նաև կենտրոնացնելու այն առավելությունների վրա, որոնք հասարակությունը ստանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակույթային կյանքում հաշմանդամների մասնակցության շնորհիվ: Այս օրը հռչակվել է հասարակության կյանքում հաշմանդամների լիարժեք և հավասար մասնակցության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Այս նպատակներն առաջադրվել են Հաշմանդամների վերաբերյալ Գործողությունների միջազգային ծրագրում, որն ընդունվել է 1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:
Արցախյան պատերազմի հետևանքով Արցախում ավելացան վիրավորների ու հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը: Չնայած խիստ անհրաժեշտությանը, չկար վերականգնողական կենտրոն, որը համապատասխան բուժման ծրագիր կունենար հաշմանդամություն ունեցող անձանց բուժումը իրականացնելու համար:
Վերականգնողական կենտրոնի նախաձեռնությունը Բարոնուհի Քերոլայն Քոքսինն էր, ով լինելով նախկին բուժքույր հստակ գիտակցում էր դրա անհրաժեշտությունը:
1998թ. սեպտեմբերին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից պաշտոնապես բացվել է Վերականգնողական կենտրոնը:
1999թ.մարտին Վարդան Թադևոսյանը՝ ով վերականգնող թերապիստ և դասախոս է, Քերոլայն Քոքսի հրավերով տեղափոխվել Արցախ՝ դառնալով կենտրոնի հինադիր տնօրենը:
Մեր առաքելությունն է՝ վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ինտեգրել հասարակության հետ, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը:
Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը, սոցիալական միջավայրում ադապտացման և կյանքի որակի բարելավման համար:
Մենք փորձում ենք զարգացնել հաշմանդամային սպորտը Արցախում: Հաշմանդամների ներգրավվածությունը մարզական կյանքում իր ուրույն տեղն ունի: Վերականգնողական կենտրոնում բուժվող, հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված են տարբեր սպորտաձևերի մեջ և ակտիվ մասնակցություն են ունենում ՀՀ-ում և ԱՀ-ում կազմակերպվող սպորտի միջոցառումներին; Կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները՝Բժիշկ-վերականգնողաբանի խորհրդատվություն, Ֆիզիկական թերապիա, էրգոթերապիա, բոբաթ-նեյրոզարգացողական թերապիա, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն, սոցիալական ծառայություն, ջրաբուժություն, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արվեստի դասընթացներ: Նշված ծառայություններից օգտվում են կենտրոնում ամբուլատոր, ստացիոնար և ցերեկային ստացիոնար բուժում ստացողները:
Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է խիստ սահմանափակում ունեցող 120-ից ավելի մարդկանց՝ տնային պայմաններում համապատասխան բուժումը շարունակելու և մեր աջակցությունը ստանալու համար: Կենտրոնը ունի պատրաստված մասնագետներ Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, որոնց առաքելությունն է ֆիզիկական և աշխատանքային թերապիա անցկացնել նշված շրջանների հիվանդանոցներում:
Վերականգնողական կենտրոնում գործում է կրթական բաժանմունք, որտեղ պատրաստվում և վերապատրաստվում են համապատասխան մասնագետներ, ինչպես կենտրոնի անձնակազմի շարքերը լրացնելու համար, այնպես էլ ԱՀ տարբեր շրջանների հիվանդանոցների համար: Կենտրոնը մեծ նշանակություն է տալիս շարունակական կրթությանը, որի ընթացքում ՀՀ-ից և արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրվում են մասնագետներ՝ դասախոսություններ վարելու և փորձի փոխանակում կատարելու համար:
2006 թ. հուլիսից կենտրոնում բացվել է բուժական լողավազան (ջրաբուժություն): 2007թ. հունիսի 1-ին վերականգնողական կենտրոնում բացվեց մանկական առողջության կենտրոն, որտեղ հաճախում և բուժում են ստանում երկուսից յոթ տարեկան մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ:
2017թ. Մայիսի 2-ին վերականգնողական կենտրոնին կից սկսեց գործել ցերեկային խնամքի և բուժման կնետրոն, որի նպատակն է բարելավել աուտիզմով և ՄՈՒԿ ախտորոշում ունեցող երեխաների կյանքի որակը: Կենտրոնում տարեկան բուժում են ստանում ավելի քան 50 երեխա:
