«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը և Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը համատեղ համագործակցության շնորհիվ մայիսից կազմակերպել են ջրաբուժության դասընթացներ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկների երեխաների համար։
Արցախի Հանրապետությունում 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ցուցաբերման նպատակով կազմակերպվել են լողի պարապմունքներ՝ նպաստելով վերջիններիս առողջ ֆիզիկական զարգացմանը և նրանց ցուցաբերելով հոգեբանասոցիալական աջակցություն։
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Ստեփանակերտում զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների խորքային գնահատման աշխատանքների և կատարված հարցումների արդյունքում ընտրել է 40 երեխաներ։
Երեխաները խմբավորվել են թվով 4 խմբերում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 10 երեխա։
Վերականգնողական կենտրոնի մարզիչները երեխաներին սովորեցրել են լողալ և ծանոթացրել՝ լողի որպես մարզաձևի տարատեսակներին, ինչպես նաև կազմակերպվել են հետաքրքիր ջրային խաղեր։
Լողի պարապմունքները կազմակերպվել են 2022թ. մայիսի 2-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Ուրախ ենք ամփոփել կատարված համատեղ աշխատանքի արդյունքները։
Վստահորեն կարող ենք այս ծրագիրը համարել հաջողված իսկ առաջադրված նպատակները կատարված։