ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ  2008թ․-ից ապրիլի 2-ը  ամբողջ աշխարհում նշվում է,  որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ  2008թ․-ից ապրիլի 2-ը  ամբողջ աշխարհում նշվում է,  որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Աուտիզմը զարգացման նյարդաբանական բարդ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա` խոչընդոտելով սոցիալական հարաբերություններն ու հաղորդակցման հմտությունների զարգացումը: Այն դասվում է  20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին:

2017թ մայիսի 2-ին Հովհարդ Կարագյոզյան ԲԲՀԿ,  Ջինիշյան հիշատակի հիմնադրամի,  Արցախի Հանրապետության  կառավարության և Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի համատեղ  ջանքերով Արցախում բացվեց Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին կից գործող Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը։ Կենտրոնը իր ծառայություններն է մատուցում և ապահովում տարեկան շուրջ 72  և ավելի երեխաների կյանքի որակը բարելավելու գործընթացում: Այն իրականացվում է մասնագետների հավաքական ուժերի միախմբման միջոցով՝ բժշկի , հատուկ մանկավարժի, հոգեբանի, լոգոպեդի, դայակի, ֆիզիոթերապիստի, էրգոթերապիստի և սոցիալական աշխատողի անմիջական մասնակցությամբ:

Այս օրը հարմար առիթ է մեկ անգամ ևս հանրությանը իրազեկելու , որ մեր կողքին մեզ հետ ապրում են աուտիզմ ախտորոշում ունեցող անձիք, ովքեր կարիք ունեն ուշադրության և սիրո։

Օրվա խորհուրդը հենց կայանում է նրանում , որ բոլորս հասկանանք և ընդունենք, որ աուտիզմ ունեցող մարդիկ ապրում են ուրիշ՝ առավել բարի աշխարհում։ Նրանք սեր են նվիրում ու ցանկանում սեր ստանալ։ Մեր սերը, շատ բան կփոխի աուտիզմ ունեցող մարդկանց կյանքում․․․