Դաունի համախտանիշով երեխաների հետ տարվող աշխատանքը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է: Այդ թիվը օրացույց է մտել 2006 թվականից: Օրը ընտրված է ոչ պատահական, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդտեղից էլ որոշվել է երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր: Անգլիացի բժիշկ Ջոն Լենգդոն Դաունը 1866 թվականին առաջին անգամ նկարագրեց այդ սինդրոմը, որը հետագայում կրեց իր անունը: Հետաքրքիր է այն փաստը, որ առաջին հայտնաբերողը այդ հիվանդությունը անվանեց <<մոնղոլիզմ>>, քանի որ, այդ հիվանդությունը կրող մարդկանց դեմքը նման էր մոնղոլոիդ ռասսայի ներկայացուցիչների դեմքին, սակայն Միջազգային առողջապահության կազմակերպությունը 1965թ. Մոնղոլիայի մասնագետների դիմումից հետո չեղյալ հայտարարեց այդ անվանումը: Հնարավոր է, որ այդ հիվանդության անվանումը դեռևս կփոխվի: Քանի որ ԱՄՆ-ի աջողջապահության ազգային համալսարանը խորհուրդ տվեց փոխել այդ անվանումը, բացատրելով, որ բժիշկ Դաունը չուներ այդ սինդրոմը: Ամեն տարի աշխարհում ծնվում է Դաունի համախտանիշով 3000-5000 երեխա: Դաունի համախտանիշով երեխաների մոտ առկա են բարձրագույն նյարդային գործունեության փոփոխություն մտավոր հետամնացության տարբեր մակարդակների տեսքով: Երեխաները չնայած արտաքին ֆիզիկական նշանների, ունեն զարգացման որոշակի ներուժ: Հետևաբար երեխայի զարգացման բազմակողմանի խթանումը և վերականգնողական միջոցառումները կարող են որոշակի դրական արդյունք տալ:
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն պարբերաբար հաճախում են տարբեր ախտորոշումներով երեխաներ, որոնց թվում են Դաունի համախտանիշով երեխաներ: 2007 թվականից մեր տվյալների համաձայն Վերականգնողական կենտրոն պարբերաբար հաճախում են 16 երեխա Դաունի համախտանիշով, որոնցից մի քանիսը արդեն ներառվել են հանրակրթական դպրոցներ, իսկ ոմանք շարունակում են ստանալ վերականգնողական բուժում: Նրանց հետ աշխատում են վերականգնողական կենտրոնի տարբեր մասնագետներ վերականգնող թերապիստներ, հոգեբաններ, լոգոպեդներ, ստանում ջրաբուժություն, մասնակցում են նաև արվեստի դասընթացներին կավագործություն, նկարչություն, մաքրամե: Կենտրոնում գործում է նաև սպորտի խմբակ` թենիս, որը լավ միջոց է բարելավվելու երեխայի ֆիզիկական վիճակը, շփումը հասակակիցների հետ: Հաճախակի են այցելությունները հանրային վայրեր, խաղասրահներ, որի հիմնական նպատակն է երեխաների շփումը հասակակիցների հետ, ինչպես նաև հասարակությանը իրազեկ պահելը տվյալ երեխաների գոյության մասին:
2007 թվականից Կենտրոնին կից գործում է Մանկական առողջության կենտրոն, որտեղ հաճախում են ֆիզիկական և մտավոր սահմանափակ հնարավորություն ունեցող և առանց այդ սահմանափակումների երեխաներ, այսինքն այն գործում է ինտեգրացման ծրագրով: Նորմալ զարգացման և ինտեգրացման համար երեխան պետք է հաճախի մանկապարտեզ, հանրակրթական դպրոց, շփվի հասակակիցների հետ և ապրի հնարավորինս լիարժեք կյանքով: Հակառակ դեպքում երեխան կմեկուսանա հասարակությունից, կդանդաղի նրա զարգացումն ու հասունացումը:
Համատեղ ուսուցումը երեխայի մոտ ինքնահարգանքի և սեփական կյանքի նկատմամբ բավարարվածության զգացում է առաջացնում, թույլ է տալիս ընդլայնել, կատարելագործել գիտելիքները: Երեխան պետք է շփվի հնարավորինս շատ մարդկանց հետ և դա պետք է կատարվի առաջին հերթին մանկապարտեզի, դպրոցի միջոցով: Սա այն ուղին է, որը կնպաստի Դաունի ախտորոշում ունեցող երեխայի անձի զարգացմանը և հասարակական կյանքին ինտեգրվելուն:
Պետք է յուրաքանչյուր մարդու մեջ ձևավորել այն դիրքորոշումը, որ ինչպես առողջ, այնպես էլ հատուկ կարիքներով երեխաները հասարակությանը համահավասար և լիիրավ անդամներ են:
