Վերականգնողական կենտրոնը իր ստեղծման առաջին իսկ օրվանից ծառայում է Արցախում բնակվող տարբեր ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց։ Կենտրոնում կատարվող յուրաքանչյուր աշխատանք նպատակաուղված է ի օգուտ և ի բարօրություն մեր շահառուների։
Տարիներ շարունակ մենք մշտական կապի մեջ ենք մեր շահառուների հետ և պարբերաբար տնայցեր ենք կատարում և ծանոթանում նրանց վիճակին։
Հերթական անակնկալ այցը կատարեցինք և այցելեցինք մեր շահառու՝ Միքայելին, ով ապրում է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում՝ տատիկի, մոր և եղբոր ընտանիքի հետ։
Միքայելը առաջին բուժվողներից մեկն էր, ով 2000 թվականին 13 տարեկանում դիմել է վերականգնողական կենտրոն՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ և դարձել կենտրոնի մի մասնիկը։ Նա միշտ աչքի է ընկել իր գեղեցիկ ժպիտով և հումորի զգացումով։ Շատ ակտիվ էր կենտրոնում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառումներին և ուխտագնացություններին։ Միքայելը լրիվ ինքնուրույն է և տեղաշարժվում է արմնկային հենակներով։
Ցավոք այժմ չի հասցնում իր աշխատանքի հետ գալ բուժման՝ նա իր գյուղում բացել է իր սեփական խանութը և իր առօրյան լցնում է այդ աշխատանքով։
Անչափ ուրախ էինք տեսնել Միքայելին կայացած և իր տեղը այս կյանքում գտած, այն հույսով, որ նա կկարողանա մոտ ապագայում իրեն ժամանակ տրամադրել և գալ վերականգնողական բուժման։