Այսօր վերականգնողական կենտրոնի բուժվողների մեծ մասը վերջին պատերազմի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած մեր զինծառայողներն ու քաղաքացիական անձիք են: Տարբեր տարիքի , բնավորության և խառնվածքի մարդիկ, ովքեր միևնույն վայրում են մի նպատակով՝ վերականգնվելու և ապագան կառուցելու համար: Կենտրոնի երիտասարդ բուժվողներից է 20-ամյա Մխիթարը: Մխիթարը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի ամենափոքր տղան, ում պարտադիր ժամկետային ծառայության ժամանակ էլ սկսվեց այս անտանելի արհավիրքը: Շտապ օգնության վարորդ էր, անցել է պատերազմի ամենաթեժ կետերով , բայց չի կոտրվել մինչև պատերազմի վերջին օրը լինելով մարտի դաշտում, , վիրավորներին տեղափոխում էր ապահով վայրեր, օգնում բոլոր հնարավոր միջոցներով և փրկում հազարավոր կյանքեր: Պատերազմի վերջին օրը թշնամու անօդաչու սարքը չշրջանցեց Մխիթարի մեքենան և վերջինիս հետևանքով նա ստացավ ձեռքի բեկորային վիրավորում: Երկու շաբաթից ավելի է, ինչ նա վերականգնողական կենտրոնում ստանում է համապատասխան բուժումը, և ունի ակնհայտ առաջընթաց: Իսկ ապագա ծրագրերը կապում է միմիայն ուսումը շարունակելու և իր գյուղը շենացնելու հետ: