Արդեն մեկ ամիս է ինչ վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում Թաղավարդցի Աշոտ Հարությունյանը: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում բազմիցս լսել ենք Թաղավարդ գյուղի հերոսական պայքարի , մեր տղաների դիմադրության և գյուղի մի մասը հաջողությամբ պաշտպանելու մասին : Գյուղի պաշտպաններից մեկն էլ հրամանատար Աշոտն էր: 25 տարի իր երկրին անձնվիրաբար ծառայելուց հետո պահեստազորի փոխգնդապետը արդեն անցել էր զինվորական թոշակի , երբ սկսվեց անսպասելին: Աշոտը պատերազմի ողջ ընթացքում մարտի դաշտում էր, ինչ գնով էլ լիներ պետք էր հայրենիքին սատար կանգնել , լինել իր զինվորների կողքին:Հոկտեմբերին արդեն վտանգվել էր հայրենի գյուղը, պետք էր պաշտպանել թե′ գյուղը, թե′ համագյուղացիներին։ Թաղավարդի պաշտպանության հրամանատարությունը ստանձնում է Աշոտը, որտեղ էլ հոկտեմբերի 23-ին ստանում է բեկորային վիրավորում։ Նրան տեղափոխում են Երևան՝ Մուրացանի անվան հիվանդանոց, որտեղ յոթ օր կոմայի մեջ գտնվելուց հետո , բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը։ Բայց հաշվի առնելով նրա ծանր վիճակը, յոթ ամիս պահանջվեց վեց վիրահատություն տանելու և Արցախ վերադառնալու համար:Գյուղի մի մասը կորցնելով Աշոտը կորցրել է նաև իր տունը, բայց չի հեռացել գյուղից , շարունակում է իր ընտանիքի հետ բնակվել բազում կյանքերի գնով պահված Թաղավարդի Կալեր մասում։ Այսօր նա իր բուժումը շարունակում է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում , որտեղ արդեն մեկ ամիս է ինչ ստանում է համապատասխան բուժում, իր ֆիզիկական վիճակը բարելավելու համար: