Արցախյան պատերազմի հետևանքով Արցախում ավելացան վիրավորների ու հաշմանդամություն ունեցող անձանց թիվը: Չնայած խիստ անհրաժեշտությանը, չկար վերականգնողական կենտրոն,որը համապատասխան բուժման ծրագիր կունենար հաշմանդամություն ունեցող անձանց բուժումը իրականացնելու համար:
Մեր պատմությունը
Վերականգնողական կենտրոնի նախաձեռնությունը Բարոնուհի Քերոլայն Քոքսինն էր, ով լինելով նախկին բուժքույր հստակ գիտակցում էր դրա անհրաժեշտությունը:1998թ. սեպտեմբերին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից պաշտոնապես բացվել է Վերականգնողական կենտրոնը:1999թ. մարտին Վարդան Թադևոսյանը ՝ ով վերականգնող թերապիստ և դասախոս է , Քերոլայն Քոքսի հրավերով տեղափոխվել է Արցախ՝ դառնալով կենտրոնի հիմնադիր տնօրենը: Մայիսից կազմակերպվել են դասընթացներ՝ 12 բուժքույրերի համար մեկ տարվա ծրագրով :2000թ. Վերականգնողական կենտրոնում մեկնարկվեց բուժման ծրագիրը՝ ամբուլատոր և ստացիոնար բուժվողների համար: 2002թ. վերականգնողական կենտրոնը գործում է ԼՂՀ Առողջապահության նախարարության համակարգում: Ի սկզբանե կենտրոնը կոչվում էր <<Համաշխարհային Քրիստոնեական Համերաշխություն>>, արդեն 2005թ. սեպտեմբերի 12-ին վերանվանվեց Քերոլայն Քոքսի անվան:
Մեր առաքելությունն է՝ վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ինտեգրել հասարակության հետ , ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը: Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը, սոցիալական միջավայրում ադապտացման և կյանքի որակի բարելավման համար:
Մենք փորձում ենք զարգացնել հաշմանդամային սպորտը Արցախում:Հաշմանդամների ներգրավվածությունը մարզական կյանքում իր ուրույն տեղն ունի: Վերականգնողական կենտրոնում բուժվող, հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված են տարբեր սպորտաձևերի մեջ և ակտիվ մասնակցություն են ունենում ՀՀ-ում և ԱՀ-ում կազմակերպվող սպորտի միջոցառումներին:
Կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները՝բժիշկ -վերականգնողաբանի խորհրդատվություն,ֆիզիկական թերապիա, էրգոթերապիա,բոբաթ-նեյրոզարգացողական թերապիա, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն, ջրաբուժություն, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արվեստի դասընթացներ: Նշված ծառայություններից օգտվում են կենտրոնում ամբուլատոր, ստացիոնար և ցերեկային ստացիոնար բուժում ստացողները:
Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է խիստ սահմանափակում ունեցող 200-ից ավելի մարդկանց ՝տնային պայմաններում համապատասխան բուժումը շարունակելուև մեր աջակցությունը ստանալու համար: Կենտրոնը ունի պատրաստված մասնագետներ Հադրութի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում , որոնց առաքելությունն է ֆիզիկական աշխատանքային թերապիա անցկացնել նշված շրջանների հիվանդանոցներում:
ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2000թ. մինչև 2020թ. ներառյալ , կենտրոնում 80630 անգամ ամբուլատոր և 4037 բուժվողների ստացիոնար բուժում է կազմակերպվել, կատարվել է 38700 տնային այցելություն: Լոգոպեդը իր ծառայություններ է մատուցել բուժվողներին 30863 անգամ, իսկ հոգեբանը ՝ 40203 անգամ:
2006թ. 2020թ. ներառյալ ջրաբուժության ծառայությունից օգտվել են 21853 անգամ: Վերականգնողական կենտրոնում գործում է կրթական բաժանմունք , որտեղ պատրաստվում և վերապատրաստվում են համապատասխան մասնագետներ, ինչպես կենտրոնի անձնակազմի շարքերը լրացնելու համար, այնպես էլ ԱՀ տարբեր շրջանների հիվանդանոցների համար: Կենտրոնը մեծ նշանակություն է տալիս շարունակական կրթությանը, որի ընթացքում ՀՀ-ից և արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրվում են մասնագետներ՝դասախոսություններ վարելու և փորձի փոխանակում կատարելու համար: 2006թ. հուլիսից կենտրոնում բացվել է բուժական լողավազան (ջրաբուժություն): 2007թ. հունիսի 1-ին վերականգնողական կենտրոնում բացվեց մանկական առողջության կենտրոն, որտեղ հաճախում և բուժում են ստանում երկուսից յոթ տարեկան մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ:
2017թ. մայիսի 2-ին վերականգնողական կենտրոնին կից սկսեց գործել ցերեկային խնամքի և բուժման կենտրոն, որի նպատակն է բարելավել աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների կյանքի որակը: Կենտրոնում տարեկան բուժում են ստանում ավելի քան 60 երեխա: