Այսօր, ավելի քան երբևէ անհրաժեշտ է բոլորիս ուշադրությունը կենտրոնացնել նոր ապրող սերնդի ֆիզիկական վիճակը գնահատելու և նրանց ակտիվ ապրելակերպը ապահովելու վրա : Ամուր հիմք ունենալու և անհրաժեշտ արդյունքների հասնելու համար՝ կարևոր է զարգացնել սպորտը: Ինչպես գիտենք , Արցախում սպորտը չի արժանանում համապատասխան ուշադրության իսկ շրջաններում այն առավել ևս անտեսվում է: Հաշվի առնելով երեխանների, դպրոցականների և երիտասարդների ֆիզիկական վիճակը համոզվում ենք, որ սպորտը պետք է դառնա բոլորիս կյանքի մի մասը : Ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումը պարտադիր է Արցախի կրթական համակարգում՝ սկսած մանկապարտեզից, սակայն արդյունքները ցույց են տալիս , որ այն պետք է դիտարկվի նոր մոտեցումներով, որոշակի արդյունքների հասնելու համար : Արդյո՞ք ֆիզկուլտուրան մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում և բուհերում դասավանդվում է հավուր պատշաճի, ապահովված են արդյո՞ք այդ հաստատությունները համապատասխան պայմաններով և մասնագետներով: Այս հարցերի համարժեք պատասխանները ստանալու դեպքում կարող ենք խուսաբել մանկապատանեկան ֆիզիկական ակտիվության բացակայության պատճառով ձեռք բերված խնդիրներից: Բոլոր երեխաների ֆիզիկական պատրաստվածության համար կարևորագույն ժամանակաշրջանը հենց դպրոցական կրտսեր տարիքն է ՝ 6-10 տարեկան: Այդ տարիքի երեխանները ամենից շատ սիրում են ֆիզկուլտուրա առարկան և այդ շրջանը ամենաարդյունավետն է դպրոցականների մոտ ֆիզիկական վարժություններով կանոնավոր զբաղվելու սովորույթի ձևավորման համար: Կրտսեր դպրոցական հասակում առավելապես զարգանում են շարժումների արագությունը և ճարպկությունը: Դա անհրաժեշտ է առողջ և ուժեղ սերունդ ունենալու համար: 6-8 տարեկան երեխաների մոտ հաճախ են հանդիպում կեցվածքի շեղումներ ունեցողներ, ովքեր դիմում են վերականգնողական կենտրոն: Նրանց հետ աշխատելով մենք եկանք այն եզրակացության, որ ֆիզկուլտուրա առարկան մեղմ ասած լավ չի դասավանդվում դպրոցներում: Գնալով ավելանում են 18 տարին լրացած այն զինակոչիկների քանակը, ովքեր ֆիզիկապես պիտանի չեն ծառայության համար: Սա խորը մտորումների տեղիք է տալիս ու դառնում հրամայական պահանջ , որ ֆիզկուլտուրային դպրոցում վերաբերվեն ավելի լուրջ , քան իրականում կա , դնելով այն մայրենի լեզվի ու մաթեմատիկայի հետ հավասար բարձրության վրա՝ եթե ոչ ավելի: Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս սպորտին և նրա ունեցած ազդեցությանը մարդու կյանքում: Կենտրոնում առանձին գործում է սպորտի խմբակ, որտեղ մեր բուժվողները բացի անհրաժեշտ բուժումներից , զբաղվում են իրենց նախընտրելի սպորտով: Հաշվի առնելով վերջին շրջանում վերականգնողական կենտրոն դիմած տարիքային ցուցանիշները, հստակ երևում է , որ դեռահասների մոտ խնդիրները առաջացել են սպորտի բացակայության պատճառով: Վերականգնողական կենտրոնը հորդորում է ՝չանտեսել սպորտը և այն դարձնել բոլորիս կյանքի մի մասը: Եվ վերջում հիշենք , որ այսուհետ պետք է ունենանք առողջ և ուժեղ սերունդ, քանի որ մենք ենք մեր երկրի ապագան, պետք է կարողանանք արժևորել մեր կյանքը, հիշելով , որ ուժն է ծնում իշխանությունը: