1992 թ.՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր, որի նպատակն էր բարձրացնել ինչպես հասարակական կառույցներում, այնպես էլ զարգացման գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը վերաբերող կարևոր հարցերի իրազեկվածությունը և աջակցության մոբիլիզացիան: Այս բնագավառում մեծ է վերականգնողական կենտրոնի դերը:
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում բացվեց վերականգնողական կենտրոնի գործունեությանը նվիրված ֆոտոցուցահանդես: Ուրախ ենք, որ հնարարավորություն ընձեռնվեց միջոցառումը կազմակերպել հենց ֆոտոցուցահանդեսի տեսքով, քանի որ պատկերասրահում կախված ամեն մի նկար խոսում է մեր կենտրոնի գործունեության մասին: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև կենտրոնում բուժվողների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներ՝ կավագործության, մաքրամեի և կերպարվեստի, ինչպես նաև Էրիկ Պողոսյանի անհատական նկարներ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2018 թվականի հունվարի 15-ը:
