Հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը օրեցօր աճում է և դրա հետ մեկտեղ պահանջարկ է առաջանում ստեղծել այնպիսի վայրեր, որտեղ ֆիզիկական տարբեր խնդիրներով մարդիկ կարողանան հնարավորինս բարելավել իրենց առողջական վիճակը: Տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող մարդկանց առողջական խնդիրներով է զբաղվում Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը: Կենտրոնի ստեղծումը հնարավորություն ընձեռեց բազում երիտասարդների վերգտնելու իրենց և գտնելու այն ճանապարհը, որը տանում է դեպի նոր կյանք`լեցուն բազմերանգ գույներով:
2000 թվականից վերականգնողական կենտրոն սկսեց հաճախել 3-ամյա Արսենը, ով ունի <<Մանկական ուղեղային կաթված>> ախտորոշումը: Արսենի և իր մայրիկի համար այս տարիները եղան փորձություններով լի, բայց և միաժամանակ լցված նոր ակնկալիքներով և սպասումներով: Տարիների քրտնաջան աշխատանքը և թերապիաները բերեցին նրան, որ այսօր Արսենը կարողանում է հենակների օգնությամբ քայլել, լողալ, սպորտով զբաղվել և աշխատել: Վերականգնողական կենտրոնը Արսենի համար սոսկ բուժման կենտրոն չէր, որտեղ կարելի էր գալ և բուժվել , այլև երկրորդ տուն, որտեղ վաղուց արդեն բոլորը հարազատ էին և սիրով էին սպասում և ընդունում իրենց աչքի առջև մեծացած տղային:
Տղա, ով երազում էր ապրել, կրթվել, աշխատել, ով չէր նայում մարդկանց զարմացած հայացքներին , չէր լսում բամբասանքները և ուշադրություն չէր դարձնում այն խոչնդոտներին, որոնք կանգնեցին նրա ճանապարհին: Ստեփանակերտի թեքահարթակների պակասը, տրանսպորտից օգտվելու դժվարությունները նրա նպատակների առջև ոչինչ էին և չէին կարող նրան խանգարել ուսում ստանալ, աշխատել և վայելել կյանքի բերկրանքները:
Նա ավարտել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի <<ռուսաց լեզու>> բաժինը: 2015-2018թթ Արսենը հաճախել է Ստեփանակերտի Թումո կենտրոն և անցել վեբ ծրագրավորման և ֆոտոդասընթացների կուրսեր: Այդ տարիների ընթացքում Արսենը շարունակում էր իր բուժումը վերականգնողական կենտրոնում, որի շրջանակներում էլ որոշեց իր գիտելիքները պրակտիկ կիրառել և սկսեց աշխատել վերականգնողական կենտրոնում որպես կամավոր: Այդ ընթացքում էլ ծանոթացավ անգլիացի հայտնի լուսանկարիչ Պոլ Մելլորի հետ, որի սեմինարների շնորհիվ Արսենը այսօր կարողանում է հին լուսանկարները թվայնացնել և ստեղծել անհրաժեշտ պատկերներ:
2018թ Արսենի համար եղավ խոստումնալից տարի, վերականգնողական կենտրոնի տնօրեն` Վարդան Թադևոսյանի առաջարկով Արսենը ընդունվեց աշխատանքի, որպես վիճակագիր և մինչ այսօր շարունակում է աշխատել այդտեղ:
Ապագայում նա ցանկանում է խորանալ ծրագրավորման մեջ և ինչու չէ նաև ցանկանում է ստանալ մագիստրոսի աստիճան:
Արսենը անչափ երախտապարտ է վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանին և ամբողջ անձնակազմին, ովքեր հնարավորություն ընձեռեցին նրան կյանքին նայել այլ աչքերով, հասնել ավելիին և հաստատուն կանգնել իր տեղը: Բոլոր նրանց՝ ովքեր միշտ իր կողքին էին, աջակցում էին, քաջալերում և հատկապես իր մայրիկին , ում ջանքերի շնորհիվ Արսենը կարողացել է բարձրանալ կյանքի աստիճաններով և հասնել այսօրվան, լինելով արժանի զավակ:
Արսենը այն մարդկանցից է , ով կարող է վառ օրինակ հանդիսանալ ամբողջ աշխարհի համար, ով բազում չարչարանքների շնորհիվ կարողացել է ոտքի կանգնել և գտնել իր սեփական եսը: Նրա անցած ուղին մի մեծ պատմություն է , լի դժվարություններով և հուսահատություններով, բայց նրա ճանապարհը հստակ էր հասնել բարձունքների և վայելել կյանքը:
