20 տարի առաջ մարտի 22-ը հատուկ էր նրանով, որ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն այցելեց և որպես հիմնադիր տնօրեն իր աշխատանքը սկսեց վերականգնող թերապիստ և դասախոս Վարդան Թադևոսյանը: Նորաստեղծ կենտրոնին անհրաժեշտ էր մի այնպիսի անձնավորություն, ով կկարողանար կարճ ժամանակահատվածում հավաքել իր խումբը և վերապատրաստել նրանց: 1999թ. մայիսից սկսեցին դասընթացները 12 նորավարտ բուժքույրերի համար մեկ տարվա ծրագրով: Եվ ահա 2000 թվականից կենտրոնում մեկնարկվեց բուժման ծրագիրը՝ ամբուլատոր և ստացիոնար բուժվողների հետ: 2002թ. վերականգնողական կենտրոնը գործում է ԱՀ Առողջապահության նախարարության համակարգում: Ի սկզբանե կենտրոնը կոչվում էր ‹‹Համաշխարհային Քրիստոնեական Համերաշխություն››, իսկ արդեն 2005թ. սեպտեմբերի 12-ին վերանվանվեց Քերոլայն Քոքսի անվան:
Այսօր արդեն ունենք կայացած Վերականգնողան կենտրոն, որը կարողացել է 20 տարիների ընթացքում ստեղծել մի կառույց, որը հազարավոր հաշմանդամություն ունեցող անձանց մատուցում է վերականգնողական բուժում, ինչպես նաև մեծ աշխատանքներ է տանում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող և′ երեխաներին, և′ մեծահասակներին հասարակությանը ինտեգրման ուղղությամբ:
