Բուժման ընթացք

Կյանքի ընթացքում հաճախակի են կատարվում այնպիսի իրադարձություններ, որոնք հիմնովին փոխում են մարդու կյանքը : Այն կարող է դրական ազդեցություն ունենալ և փոխել կյանքը դեպի լավ կողմը և հակառակը:   Հենց այդ դժվարին ճանապարհին գլխավոր դերակատարը դու ես  պետք է կարողանաս նույնիսկ դժվար և անելանելի վիճակից , որևէ դրական և օգտակար դասեր քաղել և կյանքը կշարունակի իր հունով ընթանալ ՝ քեզ մատուցելով  երջանիկ ,հետաքրքիր և նույնիսկ արկածային դրվագներ:

26 –ամյա Արամը Ասկերանից է , հիմնական զբաղմունքը հողագործությունն էր , սակայն պատերազմից հետո այդ տարածքները նույնպես մնաց թշնամու վերահսկողության տակ: Արամը պատերազմի անմիջական մասնակիցն էր ՝ կռվում էր Աղդամում և Շուշիում : Աստծո կամոք պատերազմից փրկված Արամի կյանքը կարծես թե ընթանում էր իր բնականոն հունով , երբ դժբախտ պատահարը կիսատ թողեց իր բոլոր երազանքները և ապագայի հետ կապված բոլոր պլանները: Արամը սույն թվականի հոկտեմբերի 30-ին ընկերոջ հետ ավտովթարի է ենթարկվում , որի հետևանքով նա կորցնում է ընկերոջը իսկ ինքը ստանում ողնուղեղային վնասվածք:

Ավտովթարից հետո Արամին տեղափոխել են Երևանի Էրեբունի հիվանդանոց , որտեղ քսան ժամ  գտնվել է կոմայի մեջ : Այնուհետև ուշքի գալով և որոշակիորեն վերականգնվելով վերադարձել է Արցախ : 

Այսօր նա ստացիոնար  բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում և իր հետ աշխատող մասնագետների հետ ձգտում հասնել առավելագույն արդյունքների:  Արամը իր անմիջական մասնակցությունն է ունենում նաև արվեստի դասընթացներին: Նա հաճախում է սպորտի և ժամանցի , նկարչության և կավագործության դասընթացներին և մեծ ցանկություն ունի ապագայում կավագործության մեջ խորանալու և դրա վարպետը դառնալու հետ:  Նա կենտրոնի կավագործության մասնագետի հետ ազատ ժամերին սովորում է պատրաստել կավից հետաքրքիր իրեր և ցույց տալ բոլորին: Իսկ մեզանից  կախված է միայն ոգևորել և արժևորել նրա կատարած աշխատանքը:

Եվ կարևոր չէ թե ֆիզիկական ինչ վիճակում ես գտնվում դու , ցանկության և աշխատասիրության  դեպքում հնարավոր է  հասնել քո երազանքներին : Մեր Արամին մաղթենք  ցանկություն և ջանասիրություն և նա կհասնի իր  երազանքներին և գուցե ապագայում դեռ կլսենք հայտնի կավագործ Արամի  մասին : Լինենք հետևողական և օգնենք Արամին իր կյանքի ճանապարհին: