<<Քերոլայն Քոքսի անվան>> վերականգնողական կենտրոնը դիմել էր ԱՀ Նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանին, կենտրոնին անհրաժեշտ գույքային և տեխնիկական խնդիրները լուծելու համար: Ի ուրախություն մեզ Հայ եկեղեցու Գերմանիայի Թեմի Քյոլնի Հայ Համայնքի երիտասարդական հանձնախումբը իր նախաձեռնությամբ վերջերս Դյուսելդորֆ և Քյոլն քաղաքներում կազմակերպել է տեղեկատվական տաղավար, որտեղ իրենց կողմից նախապես պատրաստված թխվածքաբլիթների վաճառքից ստացված ողջ հասույթով ցանկացել է Արցախի Հանրապետությունում կատարել որևէ բարեգործական ծրագիր: Ազատուհի Սիմոնյանի առաջարկով հավաքված շուրջ 3000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Ստեփանակերտում գործող <<Քերոլայն Քոքսի անվան>> վերականգնողական կենտրոնին՝ գույքային և տեխնիկական որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Այդ գումարով վերականգնողական կենտրոնի համար ձեռք են բերվել 2 մեծ օդորակիչներ՝ կենտրոնի ճաշարանի և խաղասենյակի համար, 8 հատ սառնարան՝ հիվանդասենյակների համար, և ջուրը սառեցնող 2 սարք: Անչափ շնորհակալ ենք Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Սերովբէ Եպս. Իսախանեանին, Գերմանիայի Թեմի Քյոլնի Հայ Համայնքի երիտասարդական հանձնախմբին Արցախի Հանրապետությունում գործող եզակի վերականգնողական կենտրոնի նկատմամբ իրենց ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: