Ի՞նչ է պառկելախոցը և ինչպես կանխարգելել

Պառկելախոցը (պառկելահարուկ) իրենից ներկայացնում է երկարատև ճնշման հետևանքով առաջացող մաշկի, ենթամաշկային բջջանքի և այլ հյուսվածքների մեռուկացումը: Այն առաջանում է թուլացած, տևական անկողնային հիվանդների մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկն անմիջապես հպվում է ոսկրային արտացցվածքներին: Խորը, երկար ժամանակ չապաքինվող պառկելախոցեր են գոյանում ողնուղեղի վնասվածքների, ողնուղեղի ճնշումով ուղեկցվող հիվանդությունների կամ խոշոր նյարդերի վնասման հետևանքով:

Պառկելախոցը առավելապես լինում է պոչուկի, թիակների, կրունկների և արմնկային հոդերի շրջանում: Մաշկի վրա պառկելախոց կարող է առաջանալ նաև գիպսակապերի, օրթոպեդիկ պրոթեզների և ապարատի ճնշումից, բերանի լորձաթաղանթի վրա՝ ատամների պրոթեզների ճնշումից և այլն։

Պառկելախոցերի առաջացման հնարավորությունները մեծանում են սակավարյունության, վիտամինային անբավարարության և նյութափոխանակության խանգարումների ժամանակ:
Պառկելախոցերի առաջացմանը նպաստում են վատ խնամքը, հիվանդի անկողնու և ներքնաշորի ոչ մաքուր վիճակը (հատկապես եթե աղտոտված են արտաթորանքով և սննդի մնացորդներով), կոպիտ կարերն ու ծալքերը, ողնաշարի վնասվածքով հիվանդի մարմնի տակ դրված ոչ հարթ հարմարանքը կամ ներքնակը, ոսկրերի արտացցվածքների հատվածում երկարատև ճնշումը:
Պառկելախոցը ախտահարում է մաշկը (մակերեսային պառկելախոց), ենթամաշկային բջջանքն ու մկանները (խորը պառկելախոց):
Տարբերում են պառկելախոցի զարգացման 3 փուլ.
1.Գերարյունության(մաշկի կարմրության)
2.Չոր մեռուկացման
3.Խոնավ մեռուկացման
Պառկելախոցի առաջացման հիմնական կանխարգելումը ճիշտ խնամքն է: Եթե հակացուցված չէ, անհրաժեշտ է հիվանդի դիրքը մշտապես փոխել, պառկեցնել հարթ, առանց կարերի սավանով ներքնակի վրա: Սրբոսկրի և պոչուկի տակ դնել ռետինե օղակ կամ գիշերանոթ, կրունկների տակ` բամբակե-թանզիֆե բարձիկ: Թաց, աղտոտված սպիտակեղենն անմիջապես փոխել: Փորձենք հետևել վերը նշված խորհուրդներին և խուսաբենք պառկելախոցերի բարդեցումից կամ դրանց առաջացումից։