Կյանքը պատերազմից առաջ և հետո

Վալենտինան մասնագիտությամբ լինելով բուժքույր 2014թ-ին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում անցել է վերապատրաստման դասընթացներ և որակավորվել, որպես ֆիզիոթերապիստ: 2016թ. մայիսի 1-ից Տումի գյուղից տեղափոխվել  է Հադրութ և աշխատանքի անցել տեղի  հիվանդանոցում: Տարիներ շարունակ իր ընտանիքի հետ աշխատել և ապրել է այնտեղ՝տուն կառուցելու և իր երեխաների ապագան ապահովելու ձգտումներով:

Վալենտինան ամուսնացած է՝ ունի երկու տղա և երկու դուստր:

Նրա  ամուսինը՝ Սամվելը  ոտքը կորցրել էր արցախյան առաջին պատերազմի ժամանակ  իսկ աղջիկը` ով դեռ  նոր էր ամուսնացել և սպասում էր իր երկրորդ բալիկին  ամուսնուն կորցրեց 44-օրյա պատերազմի ընթացքում:

Վալենտինան խորը ցավով է վերհիշում արցախյան վերջին պատերազմի ընթացքում տեսածն ու իր մաշկի վրա կրածը: Այս անգամ նա ականատեսն էր այն սարսափելի իրադարձությունների , որի թոհ ու բուհով անցել են հայ ժողովուրդը և հատկապես հայ զինվորը:

Պատերազմը սկսվելուց անմիջապես հետո նա շտապեց իր մասնագիտական օգնությունը ցուցաբերելու հայ քաջերին: Նա մնացած բժիշկների և բուժքույրերի հետ պատսպարվելով  Հադրութի նկուղներում և լինելով թշնամու նշանառության տակ հնարավորինս օգնում էր վիրավորներին : Անընդհատ տեղափոխվելով գյուղից գյուղ, քաղաքից քաղաք վերջում ստիպված եղավ հեռանալ Արցախից:

Սակայն նրա օգնելու ցանկությունը այնքան մեծ էր , որ նույնիսկ Երևանում չկարողացավ անմասն մնալ: Նա աշխատանքի է անցնում Զինվորի տանը, որպես բուժքույր: Այնուհետև ցանկանալով աշխատել, որպես ֆիզիոթերապիստ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստվում է  և  ստանում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ կինեզոթերապիստի լիցենզավորում:

Պատերազմից հետո կորցնելով  թե իր տունը և  թե իր ողջ ունեցվածքը, մեկ տարի ապրել է  Երևանում: Սակայն  հայրենիքի հանդեպ սերը  ավելի զորեղ գտնվեց Վալենտինայից , նա չկարողացավ հարմարվել հեռավորությանը, կարոտին և նոյեմբերին վերադարձավ Արցախ  մշտական կացության :

Նա աշխատանքի անցավ այնտեղ , որտեղից սկսվել էր իր մասնագիտական ձեռքբերումները , որտեղ սովորել էր ինչպես աշխատել զինվորի և ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց հետ:  Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը պատրաստ էր ընդունել նրան և ապահովել աշխատանքով:

Այսօր նա ապրում և աշխատում է Արցախում , չի հուսահատվում այլ ընդհակառակը ոգեշնչում է հուսահատվողներին և իր բոլոր ապագա ծրագրերը կապում Արցախը կրկին ապրեցնելու մեջ: