Վերականգնողական կենտրոնում բուժվող մեր տղաները տարբերվում են իրենց յուրահատկությամբ և կյանքի հանդեպ ունեցած իրենց պատկերացումներով: Տարբեր վիրավորումներ ունեցող այս մարդկանց հետ կարող ես աչքերով ու հայացքներով խոսել, առանց որևէ բառ փոխանակելու: Նրանք թաքցնելով իրենց զգացածը փորձում են այդ հույզերը չփոխանցել մարդկանց, այլ դրա փոխարեն ջերմ ժպիտ հաղորդել և շարունակել ապրել: Կյանքի իր պատկերացումներն ունի 20-ամյա Տիգրանը, նորը ստեղծելու և ապագան կառուցելու իր տարբերակով: Նա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Տիգրանը վիրավորվեց սեպտեմբերի 27-ին ստանալով ձախ ազդրի մ/3-ի հրազենային բեկորային վիրավորում: Նրան տեղափոխում են Երևան, որտեղ վեց ամիս բուժում ստանալուց հետո վերադառնում է Արցախ: Տիգրանի Արցախը այլևս առաջվանը չէր, ինչպես և մնացած արցախցիների համար , նա եկավ իր տուն բայց չգտավ առաջվա հին ու բարի օրերը, որտեղ բացականներ չկային և մարդիկ ապրում էին երջանիկ և համախմբված: Բայց իրականությանը դեմ հանդիման դուրս գալով Տիգրանը փորձում է կրկին կառուցել իր պատկերացրած աշխարհը: Այսօր նրա հիմնական նպատակը արագ վերականգնվելն է և ուսում ստանալը: Տիգրանը արդեն մի քանի շաբաթ է ինչ ստացիոնար բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում: Տեսանելի արդյունքների հասնելով մեր միակ նպատակն է Տիգրանին հասցնել իր երազանքների իրագործմանը: